
Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ապրիլի 21-ին հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ այս առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նպատակ ունի բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանման, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա ձևավորել տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության նոր ուղիներ և ապահովել տարածաշրջանային ենթակառուցվածքների համապարփակ, ներառական և ոչ խտրական օգտագործումը:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։