ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ընդունել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդին և ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամ Մարկետա Գրեգորովային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք կարևորվել է փոխադարձ արժեքների, մասնավորապես` ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդումը, Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում համագործակցության խթանումը: Մարինա Կալյուրանդը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և նշել, որ Եվրոպական խորհրդարանը, եվրոպական ինստիտիուտները լիովին աջակցում են դրանց:

«Նախարար Միրզոյանը կարևորել է հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ որ Արարատ Միրզոյանն ու Մարինա Կալյուրանդն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:

Նշվում է, որ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում շեշտվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված ընթացիկ զարգացումները: