Հեղափոխությանը մասնակից բոլոր խմբերը պետք է հ...

Օրեր առաջ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը բազմաթիվ քննարկումների և շահարկումների առիթ հանդիսացավ: Շատերը քաղաքական ենթատեքստ տեսան, մի խումբ էլ անգամ բողոքի ցույց իրականացրեց ԱԺ-ի դիմաց՝ տրանսգենդերին վառելու կոչերով ու ցանկությամբ՝ օծել ԱԺ ամբիոնը, քանի որ այնտեղ այժմ «չար հոգիներ կան»: 

Հեղափոխության հռչակած սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում ատելության խոսքի տարածման, քաղաքական ենթատեքստ լինելը շահարկելու մասին Politik.am-ը լսել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի մեկնաբանությունը:

Ըստ իրավապաշտպանի՝ ատելության խոսքն այդքան անսպասելի չէր.«Սեռականության թեման մշտապես օգտագործվում է տարբեր տիպի քաղաքական դիսկուրսների, խոցելի կետերի պարագայում: Մարդու իրավունքների խոցելի խմբերի վերաբերող հատվածը օգտագործվում է որպես մանիպուլյացիա, իսկ գենդերային ինքնության և սեռական կողմնորաշման խնդիրը մշտապես է բարձրացվում: Հետհեղափոխական Հայաստանում ևս մշտապես լինում են նման պոռթկումներ»:

Զարուհի Հովհաննիսյանն ասում է, այդ ամենի արդյունքում թիրախավորվում է նաև ներկա իշխանությունը՝ մեղադրվելով որպես նույնասեռականների պաշտպան կամ նրանց հարթակներ տրամադրող.«Բայց պետք է հասկանալ, որ այստեղ հարթակ տրամադրել-չտրամադրելու խնդիր չկա: Իրենք էլ ամենևին հարթակ չեն տրամադրում, ուղղակի ողջ հանրությունը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, մասնակից լինելով հեղափոխությանը, նաև կիսելով այն արժեքները, որոնց համար  կատարվեց հեղափոխությունը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, փորձում է բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առկա են երկրում: Եվ այն պարագայում, երբ Ազգային ժողովում քննարկվում է մարդու իրավունքների խնդիր, անպայմանորեն բարձրաձայնվում է նաև սեռական փոքրամասնությունների խնդիրը: Սա այն արժեքն է, որով կատարվել է հեղափոխությունը և որին համամասնակից են եղել տարբեր խմբեր»: 

Մարիամ Սարգսյան