Կառավարությունն առաջարկում է խանութներում իրական կաթից պատրաստված և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքներն առանձնացնել. առանց կաթնային յուղի փոխարինչի կաթնամթերքը տեղադրել կանաչ, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը՝ նարնջագույն դարակաշարում: Այս հարցը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
«Սպառողը պետք է կարողանա տեսնել, թե որտեղ է իրական կաթից պատրաստված կաթնամթերքը և որտեղ՝ ոչ կաթից պատրաստված կաթնամթերքը»,–նշեց նախարարը՝ նշելով, որ սահմանված պահանջի խախտումը կառաջացնի տուգանք:
Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ այսպիսով անհարմարություններ են ստեղծվում փոքր խանութների համար՝ տարածքի առումով: «Երբ սահմանում ենք դարակաշարերի պահանջ, տեխնիկական խնդիր է առաջանում փոքր խանութների դեպքում: Կարող է՝ տարածքով փոքր կրպակ է, որ առանձին դարակաշարեր դնելու տեղ չունի»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Նա ներկայացրեց հանձնաժողովի առաջարկը, որ պահանջը դրվի ոչ թե խանութների դարակաշարերի, այլ ապրանքների վրա լինի կպչուն ժապավենների պահանջ:
Նախարարն ասաց, որ առաջարկը մասամբ են ընդունել, քանի որ ԵԱՏՄ կանոններով մակնշման նոր պահանջ պետք է ավելացնեին, ինչը հնարավոր չէր: Ուստի սահմանել են, որ արտադրողները կարող են արտադրանքի վրա իրենց ցանկությամբ կանաչ կամ նարնջագույն մակնշում իրականացնել:
Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից այլ պատգամավորներ ևս իրենց մտահոգությունը հայտնեցին նախագծի վերաբերյալ:
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց. «Պարոն Պապոյան, Դուք հետաքրքիր մարտավարություն ունեք. Ակնհայտ բաները, որոնց հնարավոր չէ հակառակվել, դա դնում եք որպես ձեր խոսքի հիմնասյուն եւ դրա վրա կառուցում եք ձեր միտքը, եւ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մարդիկ դեմ են սպառողների իրավունքների պաշտպանությանը:
Եթե այդ տարբերակով գնանք, ես էլ վտանգ եմ տեսնում, որ փոքր ձեռնարկությունները կփակվեն, հետո սուպերմարկետները իրենց գները կբարձրացնեն եւ դրանով հարված ենք հասցնում սպառողներին: Ես չեմ հիշում պրակտիկա, որ հարցը այսպես հանգմանալից քննարկենք, հետո ասենք՝ լավ, եկեք առաջին ընթերցմամբ ընդունենք, հետո կտեսնենք՝ ինչ է լինում: Միշտ էլ էն ա լինում, ինչ որ պետք է լինի»:
Գեւորգ Պապոյանն իր հերթին ասաց. «Ես դեմ չեմ քննարկմանը, բայց մի բան ասեմ. Կներեք, հիմա ներմուծողների՞ն եք պաշտպանում: Այսինքն արտադրողներին ասում եք՝ դուք պարտադիր պահանջ պետք է ունենաք կանաչ կամ դեղին մակնշեք, ներմուծողներին էլ եք ասելո՞ւ: Չեք կարող ասել, ԱՀԿ-ի ինչքան կանոն կա՝ կխախտենք, տենց բաներ չի կարելի անել:
Եթե տպավորություն է, որ սրանով մենք բեռ ենք դնում, ապա սպառողների իրավունքների պաշտպանության համար, այո, 100 քմ տարածք ունեցող, մի քանի տասնյակ կամ 100 մլն դրամի շրջանառություն ունեցող խանութի վրա մեկ անգամ 3 հազար դրամի բեռ ենք դնում, որ պետք է այդ կպչուն ժապավենը գնեն ու կպցնեն»:
Աղազարյանը հակադարձեց, որ հետո հարկային մարմինը գալու է ստուգի ու պրոբլեմ սարքի:
Պապոյնը վստահեցրեց, որ չի սարքի:
Բաբկեն Թունյանն առաջարկեց հիմա որոշումը չընդունել, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը, հասկանալ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը, նախագծի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ նիստ: Քվեարկությունը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով, նախագիծը կներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում: