Հետապնդումները հասան հեղափոխականներին․ «Հրապա...

«Հրապարակ» գրում է ․ Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը։ Աղազարյանի դեպքում հասկանում են, որ գործընթացը մեկ անուն ունի՝ «նա համարձակվել է չենթարկվել վոժդին», ուստի այն, ինչ այսօր նրա հետ կատարվում է, վաղն իրենց գլխով էլ է անցնելու, եթե Փաշինյանը հանկարծ որոշի, որ իրենք մանդատը պետք է դնեն, եւ իրենք համարձակվեն նրա կամքին դեմ գնալ, իսկ Տարոն Մարգարյանի նկատմամբ գործը մաշված ու հնացած մի գործ է, որ 7 տարի է՝ քննվում է, եւ եթե այն դատական հեռանկար ունենար, ապա վաղուց դատարան ուղարկած եւ դատավճիռ կայացրած կլինեին` ի տես արյան ծարավ ընտրազանգվածի: 2021-ին առաջադրված այդ մեղադրանքը ստիպված են եղել վերաորակել՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածին ավելացնելով փողերի լվացումը եւ նախընտրական թատրոն բեմադրել։ Եթե անգամ 2 թիրախ պատգամավորները զրկվեն անձեռնմխելիությունից, այդ գործերի քննությունը տեղից չի շարժվելու։

Չնայած դրան, ՔՊ աղբյուրները պնդում են, որ բոլորը մեկ մարդու պես կողմ կքվեարկեն դատախազի միջնորդությանը, քանի որ Փաշինյանն անձամբ է գծել սցենարը եւ ուզում է մեկ անգամ էլ փորձել համոզել իր ֆանատներին, թե պայքարում է թալանչիների դեմ։ Ըստ օրենքի՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը քննարկվում է ԱԺ առաջիկա նիստում, իսկ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ԱԺ որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների բացարձակ մեծամասնության կողմ ձայներով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 13․ 03․ 25 թ համարում։