Հերթական զանգվածային հրաձգությունն ԱՄՆ-ում. կ...

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Մոնթերեյ զբոսայգում տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: 72-ամյա կասկածյալն ինքնասպան է եղել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ գիշերը, երբ տղամարդը կրակ է բացել պարի ստուդիաներից մեկում, որտեղից ոչ հեռու Լուսնային նոր տարվա տոնախմբություն էր տեղի ունենում: Հրաձգությունն իրականացրել է 72-ամյա Հուու Կան Տրանը՝ ներգաղթյալ Չինաստանից, ով ժամանակին հաճախում էր տվյալ պարի ստուդիա և նույնիսկ այնտեղ ծանոթացել էր իր նախկին կնոջ հետ:

CNN-ը հաղորդում է, որ Մոնթերեյ զբոսայգում հրաձգությունից հետո Տրանը մեկնել է մոտակա Ալհամբրա քաղաքի պարի ստուդիաներից մեկը, որտեղ 2 անձինք զինաթափել են նրան: Ըստ Լոս Անջելեսի նահանգային շերիֆ Ռոբերտ Լունայի՝ կասկածյալի բեռնատար մեքենայում հայտնաբերված վկայությունները ցույց են տալիս, որ երկու պարի ստուդիաներում էլ եղել է նույն կասկածյալը:

Կիրակի ցերեկը Կալիֆորնիայի Տորանս քաղաքում ոստիկանների հետ առճակատումից հետո կասկածյալն ինքնասպան է եղել իր բեռնատար մեքենայում:

Ոստիկանությունը և հետաքննիչներն աշխատում են զանգվածային հրաձգության շարժառիթները պարզելու ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և համազգային սուգ է հայտարարել:

Gun Violence Archive ոչ առևտրային կազմակերպության տվյալներով՝ այս տարվա 23 օրերի ընթացքում ԱՄՆ-ում առնվազն 36 զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել: CNN-ի ձևակերպմամբ՝ «2023 թ.-ի զանգվածային հրաձգությունների թիվն ավելի շատ է եղել, քան տարվա անցած օրերի թիվը»:

Զենք կրելու ամերիկացիների իրավունքն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ: Սակայն շատերը քննադատում են Սահմանադրության տվյալ կետը՝ փաստարկելով, որ զենք կրելու մեկի իրավունքը խախտում է մյուսի կյանքի իրավունքը:

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որտեղ քաղաքացիական անձանց տրամադրության տակ եղած հրազենների թիվը գերազանցում է մարդկանց թիվը՝ յուրաքանչյուր 100 ամերիկացուն բաժին է ընկնում 120 զենք: ԱՄՆ-ում հրազենից մարդասպանությունների թիվն ամենամեծն է (յուրաքանչյուր 100 հազար մարդուց 4-ը), ինչը մյուս զարգացած երկրներից 18 անգամ ավելի է:  CNN-ը նշում է, որ ոչ մի զարգացած երկրում հրաձգությունների նման մասշտաբներ և հաճախականություն չի դիտվում: