Հեռախոսազանգերի գաղտնալսումներն ամենացցուն փա...

«Հեռախոսազանգերի գաղտնալսումներն ամենավառ, ամենացցուն փաստն է, դրանից ավելի ի՞նչ է պետք հասկանալու համար. ով չի լսել, նորից դրեք լսեք»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Վերջինս հույս հայտնեց, որ խափանման միջոցն առնվազն կփոխվի:

Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ վստահություն կա՞, թե՞ ոչ, Լևոն Քոչարյանն ասաց, որ իր հոր գործի հետ կապված վերջին ամիսներին տեղի ունեցածը հաշվի առնելով՝ իր  վստահությունը շատ չէ.«Տեսնում ենք՝ ինչ սխալ ու ապօրինի որոշումներ են կայացվել, բայց հույս կա, որ խիզախ դատավորներ ի հայտ կգան, որոնք կհետևեն օրենքին, ոչ թե այն, թե ենթադրաբար ինչ են իրենցից ակնկալում»:

Լևոն Քոչարյանը նշեց, որ թե՛ Մարտի 1-ին, թե՛ մյուս օրերին իր հոր գործողությունները եղել են իր կարգավիճակից բխող: Նա նշեց, որ թե՛ իր, և թե՛ բոլորի ցանկությունն է հարցը պարզել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել.«Մենք բոլորս ենք ուզում, որ այս հարցը պարզվի, որ այս առումով հասկանան, որ հայրս կապ չունի այդ ամենի հետ»:

Հարցին, թե այդ դեպքում ո՞վ է հրաման տվել, Քոչարյանի որդին պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը հրաման տա սպանել: Մի մարդ, ով ղեկավարել է 10 տարի, չեմ վարանի ասել՝ փայլուն արդյունքներ է ցույց տվել և ինչ-որ մեկ ամիս էր մնում, պետք է գնար նման քայլի՞: Սա մեկ հոգու, երկու հոգու որոշելիք հարց չէ, նման բաների մեջ պատկերացրեք քանի հոգի պետք է ներգրավված լինեն: Նույնիսկ այս պայմաններում նման մեղադրանք չկա, և պետք է ապացուցել, որ հայրս կապ չէր կարողանալ ունենալ: Ես կոչ եմ անում՝ թող սենց անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն գնան, գտնեն մեղավորներին՝ ուղղակի ամեն տեղ նայեն, ոչ թե կոնկրետ մեկ տեղ: