«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԷՑ-ի բոլոր մասնաճյուղերի տնօրենների, էլ. ցանցերի ղեկավարների, դեպարտամենտների պետերի, կենտրոնական ապարատի առանձին ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է ՀԷՑ-ից տարածած հաղորդագրությունը, հանդիպման սկզբում Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է 2026թ.-ի ներդրումային ծրագրով իրականացվելիք աշխատանքները. ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն է 44,8 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակներում նախատեսվում է հիմնովին վերակառուցել՝
- շուրջ 500կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման օդային գծեր
- շուրջ 90կմ. երկարության 6/10-0,4 կՎ լարման մալուխային գծեր
- փոխարինել բաշխման ցանցում 17,000 էլեկտրոնային հաշվիչներ
- էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացնել շուրջ 45,000 գործող բաժանորդ
- թվով 30,000 նոր սպառողների սպառման համակարգը միացնել բաշխման ցանցին
- վերանորոգել հանրապետության բնակավայրերում մոտ 600 բազմաբնակարանային շենքերի ներքին բաշխման ցանցը (շքամուտքերում իրականացնել ցանցերի նորացում):
Ընկերությունը նախատեսվող ներդրումների զգալի ծավալը՝ շուրջ 11 մլրդ. ՀՀ դրամ գումարի չափով, նախատեսում է ուղղել հոսանքազրկումների հաճախականության և տևողության կրճատմանը միտված աշխատանքների ֆինանսավորմանը, էլեկտրաէներգիայի լարման շեղման հաճախականության նվազեցմանը և առաջնահերթ այլ խնդիրների լուծմանը:
Նախատեսվող աշխատանքների արդյունքում զգալիորեն կնվազեն ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի սպառման ծավալների մեծացման և բեռի ավելացման հետևանքով առաջացող վթարների թիվը։
Ընդհանուր առմամբ ծախսերի հարաբերակցությունը Երևանում կազմելու է բյուջեի 30%-ը, իսկ մարզերում` 70%:
Ժամանակավոր կառավարչի կողմից առանձնահատուկ կարևորվել է մասնաճյուղերի և էլ. ցանցերի ղեկավարների փոխգործակցությունը տեղերում՝ մրցութային գործընթացով հաղթող ճանաչված կապալառու ընկերությունների հետ, առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում ՀՀ ողջ տարածքում նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու աշխատանքներն արդյունավետորեն իրականացնելու համար:
Վթարավերականգնողական և ընթացիկ սպասարկման աշխատանքներն առավել օպերատիվ և արդյունավետ իրականացնելու համար ընկերությունում մեկնարկել է ավտոպարկի արդիականացմանն ուղղված մասշտաբային գործընթաց: Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 4 տասնյակ նոր մարդաբեռնատար հերթապահ մեքենաներ, էլեկտրոմոբիլներ, ավտոաշտարակներ և ավտոլաբորատորիաներ.
վերջիններս նախատեսված են սպասարկելու բրիգադներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն իրականացնելիս:
Անդրադարձ է կատարվել նաև ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորուստների ծավալի նվազեցման առաջնահերթությանը և դրանով պայմանավորված՝ 2026թ.-ի համար սահմանված առաջադրանքին:
Ելնելով առկա տեղեկատվության համադրումից և բաշխման ցանցի տեխնիկական վիճակից՝ Ժամանակավոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի կորստի առաջադրանքը 2026թ.-ի համար սահմանվել է առավելագույնը 6,40%, ինչը 0,12%-ով ավելի ցածր է 2025թ.-ի ընթացքում արձանագրված փաստացի ցուցանիշից:
Հանդիպման ավարտին ժամանակավոր կառավարիչը տվել է հստակ հանձնարարականներ՝ ուղղված մասնաճյուղերում և ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների որակին, դրանց ժամկետների պահպանմանը և արդյունավետության բարձրացմանը՝ ընդգծելով ներդրումային ծրագրի պատշաճ իրականացման, վերահսկողության ուժեղացման և կապալառու կազմակերպությունների հետ բնականոն համագործակցություն ապահովելու անհրաժեշտությունը։



