ՀԴԲ-ն, Պենտագոնը և Պետդեպարտամենտը մտադիր չեն...

ԱՄՆ մի քանի գերատեսչությունների ղեկավարությունը, այդ թվում՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ), Պենտագոնը, Պետդեպարտամենտը, Ազգային հետախուզության գրասենյակը և ներքին անվտանգության վարչությունը, հրամայել են իրենց ենթականերին չպատասխանել ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակի (DOGE) խնդրանքին՝ զեկուցելու շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքի մասին: Այս մասին կիրակի օրը հայտնել է New York Times-ը (NYT):

Ավելի վաղ DOGE-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ ամերիկյան կառավարության աշխատակիցները նամակներ կստանան՝ պահանջելով, որ զեկուցեն շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, և որ չպատասխանելը կհամարվի աշխատանքից ազատում:

Պահանջին չենթարկվելու հրամանը կարելի է համարել առաջին լուրջ փորձարկումներից մեկը, թե որքանով են տարածվում Մասկի լիազորությունները, ասվում է NYT-ում: Սա նաև վկայում է այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կուլիսներում աճում է դժգոհությունը գործարարի գործողությունների վերաբերյալ, կարծում է պարբերականը։

Reuters-ի փոխանցմամբ՝ որոշ գերատեսչությունների պետական ​​ծառայողները համապատասխան նամակներ են ստացել արդեն շաբաթ երեկոյան։ Նամակի վերնագիրն էր. «Ի՞նչ ես արել անցյալ շաբաթ»: Ի պատասխան՝ պետական ​​ծառայողները պետք է հինգ կետից բաղկացած հաշվետվություն ներկայացնեն իրենց կատարած աշխատանքի մասին մինչև երկուշաբթի։