Հայտնի է՝ ինչ հոդվածով է մեղադրվում Սերժ Սարգ...

Հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող նույն քրեական վարույթի շրջանակում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք է ներկայացվել նաև ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը երկարաշուրչ հաղորդագրություն էր տարածել, որտեղ,մ մասնավորապես, նշվում է.

«Դատախազը 2026–ի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի (Ռոբերտ Քոչարյան–խմբ) նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում են՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի որդի Ս.Ք.-ն (Սեդրակ Քոչարյանը), ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Ս.-ն (Սերժ Սարգսյանը), ՀՀ նախկին վարչապետ Ա.Մ.-ն (Անդրանիկ Մարգարյանը), Երևանի նախկին քաղաքապետ Գ.Բ.-ն (Գագիկ Բեգլարյանը), «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Ս.Մ.-ն (Սամվել Մայրապետյանը), ինչպես նաև Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Ա.Ո.-ն. (Արամայիս Որսկանյանը), Ա.Ո.-ի կինն ու երկու դուստրերը:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: 

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։ Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։