Հայտնաբերվել է մեթամֆետամին, սուբուտեքս ու մա...

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պաքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի երրորդ անձի խնդրանքով Երևանում հանդիպել է Հ. Մ.-ին, նրանից ստացել թմրամիջոց` այն խնդրողին փոխանցելու նպատակով, և նոյեմբերի 21-ին մեքենայով ուղևորվել է Գորիս քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառոյողների հետ համատեղ: Սիսիանում գտնվող մաքսատան մոտ ավտոմեքենան կանգնեցվեց և տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ձերբակալվեց:

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ նոյեմբերի 22-ին կատարված խուզարկությամբ ավտոմեքենայում հայտնաբերվեց թղթով փաթեթավորված մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված:

Մինչ քննչական գործողություններ էին ընթանում` նոյեմբերի 26-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները ստացան օպերատիվ նոր տեղեկություն, ըստ որի` Հ. Մ.-ի որդին բնակարանում պահվող թմրամիջոցի պարունակությամբ պայուսակը հանել է տնից և նետել Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցին հարակից ձորակը:

Դեպքի վայրի զննությամբ նշված պայուսակում հայտնաբերվեցին 28 գրամ՝ մարիխուանայի ու մոտ 16 գրամ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, նաև «B2» գրառմամբ սուբուտեքս թմրամիջոցի նմանվող 15 ու կես հաբ:

Քրեական վարույթի շրջանակում բնակարանի խուզարկության ժամանակ Հ. Մ.-ն հայտնել է, որ ձորակում հայտնաբերված զանգվածները թմրամիջոց են, պատկանում են իրեն, և որդին դրանք նետել է իր ցուցումով:

Հ. Մ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Հանգամանքները պարզվում են: