Վարչապետի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր Կառավարության դիմաց էին հավաքվել։ Նույն ժամին գործադիրի շենքի մոտ էին եկել նաեւ Նիկոլ Փաշինյանի աջակիցները։
«Ես եկել եմ, որ անձամբ վարչապետին շնորհակալություն հայտնեմ, որ գոնե մնացած տղերքը գերի չընկան ու չզոհվեցին։ Եթե էդ կռիվը չկանգներ, Տեր Աստված չեմ էլ ուզում ասել, բայց էլի զոհեր էինք ունենալու։ Որ մնացածը դիրքերից իջան, գերի չընկան, չվիրավորվեցին, չզոհվեցին, ես գոհ եմ դրա համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց մի քաղաքացի։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ շատ կյանքեր են փրկվել ու ինքը չի հասկանում, թե ինչու են վարչապետի հրաժարականը պահանջում։
Վարչապետին աջակցող մի կին էլ ասաց, թե փողոցում հավաքված քաղաքացիները, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, անօրինական փող վաստակողներ են, իսկ վարչապետը ազնիվ է։
«Բարի, լավ, սեփական քրտինքով աշխատող մարդը հենց հիմա էլ աշխատում է։ Ես թոշակառու եմ, դրսից եմ եկել ու շատ լավ տեղյակ եմ ամեն ինչից։ Հենց հիմա փողոցում միտինգ են անում միայն սրիկաները, բարոյական մարդիկ նստած են իրենց գործին»,- ասաց նա։
Լրագրողի հարցին, թե հայրենիքի կորստի դեմ ընդվզողները սրկանե՞ր են, քաղաքացին շեշտեց․
«Անպայման, հենց հիմա փողոցում միտինգ անողները սրիկաներն են»։



