
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի կազմավորման օրը:
1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։
Դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Հանրապետության պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։
1-ին փուլ, որը տևել է 1988 թ․-ի փետրվարից 1992 թ․-ի մայիս։ Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժմանակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։
2-րդ փուլ, որը տևել է 1992 թ․-ի հունիսից 1994 թ․-ի մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։
3-րդ փուլ, որը սկսվել է 1994 թ․-ի հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։
1990թ․-ի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991 թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերը կազմված են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, հինգ բանակային կորպուսներից։ Պաշտպանության նախարարությունը իր հերթին կազմված է վարչական ապարատից, հետախուզության, հրթիռային զորքերի և հրետանու, ավիացիայի, Զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հակաօդային պաշտպանության զորքերի, ռազմավարական պլանավորման, մարտական պատրաստության, թիկունքի, կապի և ավտոմատ կառավարման համակարգերի, ինժեներական զորքերի, սպառազինության, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, կազմազորահավաքային, օպերատիվ, անձմնակազմի հետ տարվող աշխատանքների, ֆինանսական, կադրերի վարչություններից, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռազմական հաղորդակցությունների, ռազմատեղեկագրական, ութերորդ, ստանդարտացման և չափագիտական, ռազմանվագախմբային բաժիններից, Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատից և այլ ստորաբաժանումներից, որոնք կատարում են խնդիրների առաջադրման և պլանավորման, դրանց իրականացման, վերահսկողության գործառույթներ։
ՀՀ զինված ուժերը կազմված են հետևյալ մասնագիտացված զորքերից.
- ցամաքային զորքեր,
- ռազմաօդային ուժեր,
- հակաօդային պաշտպանության զորքեր:
ցամաքային զորքերն իրենց հերթին բաղկացած են հետևյալ զորատեսակներից.
- մոտոհրաձգային զորքեր,
- տանկային զորքեր,
- հրթիռային զորքեր և հրետանի,
- օդադեսանտային զորքեր,
- ինժեներական զորքեր,
- կապի զորքեր։