Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը խախտում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հիմնարար սկզբունքները, նախ և առաջ չեզոքության սկզբունքը, և ներգրավվում է քաղաքական գործընթացում, բարձրաձայնելով իր կառավարության դիրքորոշումը, այն է՝ փակ պահել Լաչինի միջանցքը (այդ թվում այսպես կոչված այլընտրանքային ուղիներ առաջարկելու միջոցով)։
Ադրբեջանի Կարմիր մահիկին քաղաքական գործընթացներում ներքաշումը հակասում է Կարմիր խաչի միջազգային շարժման հիմնարար սկզբունքներին՝ վերջինս չունի քաղաքական հայտարարություններ անելու և քաղաքական օրակարգին ծառայելու մանդատ։
Սա կոպիտ խախտում է և համահունչ չէ Շարժման սկզբունքներին և արժեքներին, ինչպես նաև մարդասիրական օրակագին։
Ներկա պահին Ադրբեջանը նաև օգտագործելով Կարմիր մահիկի ընկերությունը՝ փորձում է խոչընդոտել ԿԽՄԿ որպես միակ մարդասիրական միջազգային կազմակերպության գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Դրա վառ վկայությունն է Վագիֆ Խաչատրյանի առևանգումը անցակետում ԿԽՄԿ ուղեկցությամբ Հայաստան՝ վիրահատության նպատակով տեղափոխվելու ճանապարհին։ Վերջինս առևանգվեց, երբ գտնվում էր միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո։
2023 թվականի հուլիսի 26-ից Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը կանգնած է Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի Կարմիր մահիկը կարող էր օգտագործել իր «մարդասիրական ներուժը», համոզելու Լաչինի միջանցքը փակած և մարդասիրական աղետ առաջացրած կողմին բացելու այն՝ հարգելով մարդասիրական սկզբունքները։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հուլիսի 25-ի հայտարարությամբ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար իրավիճակի վրա, ինչը ներկայացվել է նաև Անվտանգության խորհրդում ՄԱԿ Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (OCHA) ներկայացուցչի կողմից:
Այսպիսով, ավելի քան հրատապ է դառնում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների անհապաղ իրականացումը։
Մենք կոչ ենք անում Կարմիր խաչի միջազգային շարժման բաղկացուցիչներին՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը անշեղորեն հետևել և հավատարիմ մնալ Շարժման սկզբունքներին՝ տանելու իրենց մանդատների շրջանակներում փոխլրացնող դերը՝ ի նպաստ մարդասիրական առաքելության արդյունավետ իրականացման։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 103 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: