Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայ...

Հայկակ Արշամյանն ազատվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամում գործադիր տնօրենի իմ պաշտոնավարումը՝ դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ, Հիմնադրամի միջազգային ցանցի գործընկերներին, նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին և անհատներին, և իհարկե Հիմնադրամի աշխատակազմին՝ արդյունավետ համագործակցային և նվիրական աշխատանքի համար:

Վստահ եմ, որ աշխարհասփյուռ հայությունը կշարունակի աջակցել մեր հայրենիքի կենսական նշանակություն ունեցող բոլոր ծրագրերին»,–գրել է նա:

ՀՀ նախագահի հրամանագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուդապեշտ)։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ագրեմանը ստացվել է և նա առաջիկայում կնշանակվի Հունգարիայում ՀՀ դեսպան: