Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տալ....

Հայկ Սարգսյանը սիրում է ֆանտազիային զոռ տա, դժվար թե ինքը իմ հետ կոնտակտ ունենար, բնականաբար, լավ կլիներ, որ հանձնաժողովի նիստին այստեղ լինեի, բայց մթության քողի տակ փորձեցին արտահերթ նիստ անել, հետո չարեցին, թող անեին։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մեղադրանքներին, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն ասել է՝ ես կվերադառնամ ԱՄՆ–ից, քո նախագիծը կանցկացնենք, իսկ վերադարձից հետո ասել է՝ ես նման նախագիծ առաջին անգամ եմ տեսնում։

«Ես այստեղ չէի, բայց եկա և պարզվեց, որ իր կողմից շրջանառության մեջ դրված այս օրինագիծը շատ խնդրահարույց էր, և ֆրակցիան է դեմ քվեարկել, նաև ինքը, ես էլ հիշեցրեցի։ Ես առաջին անգամ եմ տեսնում պատմության մեջ, որ մի մարդ իր նախաձեռնությանը դեմ քվեարկի»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ Հայկ Սարգսյանը նախագիծը շատ կարևոր էր, դրա համար է պնդել, որ այն քննարկվի հանձնաժողովում առանց սպասելու Անդրանիկ Քոչարյանի վերադարձին, նա ասաց. «Ո՞րն էր կարևոր, որ բանակում փողով ազատվե՞ն։ Դուք շարունակեք Հայկ Սարգսյանից հարցազրույց վերցնել։ Դուք հիմա պաշտպանության հանձնաժողովի նախագահի հետ եք խոսում, որը բնականաբար պետք է դեմ լիներ փողով բանակից ազատվելուն»։

Ինչ վերաբերում է փաստարկին, որ այսպես, թե այնպես այդ տղաները չեն ծառայում՝ հրաժարվելով քաղաքացիությունից, և այդ թիվը 3000–ի է հասնում, Քոչարյանն ասաց. «Ո՞ր տղաների մասին է խոսքը, թող ցանկը տա։ Այդ թվերը շատ վիճահարույց են, երբ շրջանառում էր այդ նախագիծը, այնտեղ այնպիսի թվեր էր ներկայացրել զորակոչի հետ կապված, 2009-2010 թվականներին, եթե այդ թվերով շարժվենք, ստացվում էր, որ բանակը 50% -ով գոյություն չուներ։ Ֆրակցիայում քննարկման ժամանակ ինքը այդ թվերի վրա հանգել էր ինչ-որ եզրահանգումների, բայց վերջին երկու տարվա ընթացքում զորակոչի թիվն աճում է։ Դա ինչո՞վ է պայմանավորված»։