ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի հեռակա վեճը շարունակվում է։ Մամուլում արդեն գրվել է, որ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները վեճ են առաջացրել իշխանական տանը։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Սիմոնյանի այս առաջարկը հակասում է Հայկ Սարգսյանի մտերիմ «Շինանյութի» Սերգեյին պատկանող «Գուդվին» ընկերության շահերին։
Այսօր Ազգային ժողովի դիմաց «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել։ Ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ և մեղադրանքներ, որոնց մասով Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Այսօր ԱԺ-ի դիմաց իմ հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու և ինձ սպառնալու համար, ԶԼՄ-ների առջև մանիպուլյացիա անելու, Բաղրամյան պողոտան արգելափակելու և մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, մեր ոստիկանների նկատմամբ ոչ պատշաճ վարքի և ամենակարևորը՝ տասնյակ մարդկանց մոտ իմ խոսքերը խեղաթյուրելով, իմ մասին սուտ տեղեկություններ տարածելով՝ մոլորությամբ իմ դեմ տրամադրելու համար «Գուդվին» ընկերության ներկայացուցիչները, որպես կազմակերպիչներ, պարտավոր են հրապարակավ ներողություն խնդրել»,-գրել է Սիմոնյանը։
Մետ տեղեկություններով՝ բողոքի ակցիան կազմակերպվել է պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությամբ։ Նա այս կերպ փորձում է տապալել Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը։ Սիմոնյանի հասցեին հնչած վիրավորանքն ու մեղադրանքները ևս նրա դրդմամբ են արվել, որպեսզի ստեղծվի տպավորություն, թե Ալեն Սիմոնյանը «ժողովրդի դարդերով չի տապակվում»։



