Հայկ Մարությանը պայմաններ է առաջ քաշում

Վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում ենք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Նա ուղիղ եթերում նշել է. «Գաղտնիք չէ, որ իշխանությունները երեկ պարտություն են կրել: Երեւանի ավագանու 65 մանդատներից իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ եւ ընդդիմադիր 4 ուժերը միասին ունեն 41 մանդատ»: Ինչպե՞ս կարող ենք շարժվել առաջ:

Քանի որ մեր թիմը մշտապես գործել է բաց, թափանցիկ, հրապարակայնորեն ներկայացրել է, այժմ այդպես էլ ուզում ենք անել: Քիչ առաջ տեղի ունեցավ մեր նորաստեղծ ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց, որն ուզում եմ հրապարակայնացնել բոլորի համար:

Եվ այսպես մեր առաջարկը. Քանի որ այս 4 ուժերն ունեն քաղաքական եւ գաղափարական տարաձայնություններ, մեր առաջարկը հետեւյալն է. եւ քանի որ մեր ուժը այս 4-ից առաջին տեղն է գրավել, մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու, խոսքն իմ մասին է,  եւ մնացած  3 քաղաքական ուժերը առանց որեւէ կոալիցիաներ կազմելու, առանց որեւէ ստվերային պայմանավորվածությունների եւ նախապայմանների գան եւ քվեարկեն այս թեկնածուի համար:

Իսկ ինչու, որովհետեւ մենք ունենք քաղաքական ու գաղափարական  տարաձայնություններ: Սա շատ ազնիվ կլինի թե մեր ընտրողների նկատմամբ, թե մեկս մեր նկատմամբ: Ոչ մեկս իր սկզբունքներից դուրս չի գա եւ գլխավոր նպատակը, այն է՝ ՔՊ-ին զրկել իշխանությունից, կարող ենք ի կատար ածել:

Այսինքն եթե ես զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը, մեր քաղաքական ուժը ստանում է քաղաքային իշխանությունը եւ սկսում ենք աշխատել: Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն եւ մենք իրականացնում ենք այդ աշխատանքը: Այդ երեք ուժերը իրենց վերահսկողական ֆունկցիաները կարող են իրականացնել որպես ավագանու անդամ:

Երկրորդ տարբերակն այն է, որ եթե ինչ-ինչ պատճառներով այս երեք ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում մեր տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր քաղաքային ընտրությունների եւ թող ժողովուրդը որոշի հետագա ընթացքը: