«Գլխավոր դատախազությունը, Հատուկ քննչական ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ, բայց նրանք վաղուց տանուլ են տվել իրավական դաշտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։
Վերջնս պնդեց՝ նախաքննական մարմինները մինչ այժմ չեն կարողացել հիմնավորել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։
Փաստաբանն անդրադարձավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությանը՝ կարծիք հայտնելով, որ դա կապված է Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրած որոշման հետ.
«Փետրվարին մի քաղաքացուց հաղորդում է եղել հանցագործության մասին, նրանից ստացել են բացատրություն, հավաքել են նյութեր ու որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը։ Դատախազը դա հաստատել է։ Հետո այդ ի՞նչ տեղի ունեցավ, ի՞նչ նոր ապացույցներ ի հայտ եկան, որ երբ դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց պարոն Քոչարյանին, հանկարծ այդ որոշումը վերացվեց ու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց»։
Փաստաբանը հստակեցրեց,՝ Գրիգորյանի հետ կատարվածը հուզում է իրենց, քանի որ Քոչարյանի գործը հենց հիմա նրա վարույթում է, և, բացի այդ, նրա նկատմամբ կատարվածը հարված է նաև մյուս դատավորներին.
«Այս գործողություններով դատավորներին բաց տեքստով ասվում է՝ չհամարձակվեք այս գործով պարոն Քոչարյանի օգտին որևէ որոշում կայացնել, այլապես կհայտնվեք դատավոր Դավիթ Գրիգորյանի վիճակում։ Սրանից պարզ մեսիջ հնարավոր չէ պատկերացնել»։



