Հայհոյել է, շիշ է նետել, կոտրել է մեքենայի ապ...

ՀՀ քննչական կոմիտեի մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնային կալանքի տակ գտնվող Ս.Բ.-ն իր խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննության ընթացքում, դժգոհ լինելով դատարանի կողմից կայացրած որոշումից՝ դատարանի նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, մասնավորապես՝ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել, որից հետո ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձերբակալվել ու դուրս է բերվել դատարանի դահլիճից: Այս մասին հայտնում են ՔԿ–ից։

Այնուհետև, Ս.Բ.-ն ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական և մասնագիտական գործունեության հետ կապված, վերջիններիս գույքը վնասելու նպատակով՝ ձեռքով հարվածել ու կոտրել է բաժնի հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի ապակին, իսկ Շիրակի մարզային քննչական վարչությունում, ձերբակալվածի դատավարական կարգավիճակում հարցաքննությունից հետո սկսել է դրսևորել ոչ ադեկվատ վարքագիծ, մասնավորապես՝ իր օգտագործման համար, սեղանին դրված ջրի շիշը նետել է աշխատակցի ուղղությամբ, ինչպես նաև իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով հնչեցրել հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ ոստիկանների հասցեին, որի ժամանակ վերջինիս գործողությունները կանխելու համար նրա նկատմամբ կիրառվել է համաչափ ֆիզիկական ուժ և ձեռնաշղթա:

Այնուհետև, կալանավորված անձ Ս.Բ.-ն ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու նպատակով՝ սենյակի պատուհանից դուրս է եկել և դիմել փախուստի, որից հետո ձերբակալվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Ս.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) (2 դրվագ), 490-րդ հոդվածի 2-րդ մասով  (դատավորի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) և 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: