«Հայֆիլմ»-ի տարածքում կունենանք ավագ դպրոց, ա...

Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանական միջոցառումների անցկացումը կարեւոր է նաև կինոյի ապագային ու զարգացմանը միտված տեսլական ունենալու առումով: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կինո նշանակում է նաև տեխնոլոգիաներ, որովհետև ժամանակակից աշխարհում այն ֆիլմերը, որոնք հենված չեն տեխնոլոգիական լուծումների վրա՝ առնվազն շատ քիչ են: Հարցը նաև գտնվում է կրթության ոլորտում, որովհետև եթե չկա համապատասխան կրթություն, մենք չենք կարող ունենալ ոլորտի զարգացում:

Արդեն գիտեք, որ Հայֆիլմ կինոստուդիայի տարածքում մենք կունենանք, արվեստների ավագ դպրոց, արվեստների համալսարան՝ սրանից բխող բոլոր արդյունքներով: Այսինքն՝ սա նշանակում է, որ այնտեղ կլինեն նկարահանման հրապարակներ, ստուդիաներ և այլն: Մենք պլանավորում ենք այնտեղ ունենալ ժամանակակից չափանիշներին համապատասխանող համերգասրահ կամ կինոդահլիճ, կինոթատրոն, թատրոն և այսպես շարունակ, որտեղ հենց այդ կրթական կլաստերի ներկայացուցիչները և ոչ միայն նրանք, ներկայանալու և ներկայացնելու հնարավորություն կունենան: Սա ծրագրի մի հատվածն է: Զուտ աշխարհագրական առումով այդ կրթական կլաստերը կզարգանա՝ ընդհուպ կհասնի մինչև Աշտարակի Ֆիզիկայի ինստիտուտի տարածք, որտեղ կլինի տեխնոլոգիական կլաստերը: Այս ամբողջ նախագիծը մենք անվանում ենք ակադեմիական քաղաք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն ոլորտի զարգացմանն ուղղված ամենաերկար քննարկված ծրագրերից մեկն է, որը պետք է հետևողականորեն իրականացնել: