Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարո...

Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր բաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը, քանի որ Երևանը հենց դա է սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք համարում։ 

Այս մասին «Գտնելով կայունություն անկայուն աշխարհում» խորագիրը կրող APRI-2025 համաժողովում պանելային քննարկման ժամանակ նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

ԱԽ քարտուղարն, անդրադառնալով հարցին, թե որո՞նք են Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները, և ի՞նչ է անում Հայաստանն այդ սպառնալիքներին դիմակայելու համար, պատասխանել է, որ անվտանգության մասին քննարկումներն ամբողջ աշխարհում առաջնահերթություն են, և նույնիսկ այն երկրները, որոնք արդեն ինչ-որ մի փուլում մտածում էին, որ անվտանգությունը չէ, որ առաջնահերթություն է, կարծես թե, վերադարձել են այդ օրակարգին՝ գիտակցելով և հասկանալով այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումները։

«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանի նկատմամբ, այլև ամբողջ տարածաշրջանում։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը բերել տարածաշրջան՝ առաջ մղելով խաղաղության օրակարգը։ Իհարկե, բարդություններ կան, բայց խաղաղությունը շարունակում է մնալ մեր օրակարգը, և սպառնալիքներին արձագանքելու հիմնական գործիք մենք տեսնում ենք խաղաղության օրակարգը»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ, բնականաբար, տարածաշրջանից դուրս տեղի ունեցող գործընթացներ կան, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանն իր գործընկերների հետ աշխատանքներում փորձում է այնպես անել, որ կայունությունն առաջնահերթություն լինի։

Գրիգորյանն այս համատեքստում նաև հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման շուրջ համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, և այժմ Բաքվի հետ բանակցություններ են ընթանում դրա ստորագրման ժամկետների շուրջ։ 

«Հույս ունենանք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավորինս շուտ կլինի»,-ասել է ԱԽ քարտուղարը։ 

Վերջինս, անդրադառնալով տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերին, առանձնացրել է տարածաշրջանային երկրների հետ երկխոսության կարևորությունը։ 

Նա նաև շեշտել է, որ այդ քայլերը կարևոր են հենց Հայաստանի շուրջ կայունության մթնոլորտի ապահովման համար։