Հայաստանը շահագրգռված է զբոսաշրջության ոլորտո...

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցի շրջանակում Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ 

Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։

Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Եթովպիայի հետ՝ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտներում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը և դիտարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։