
Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։ Այս մասին հաղորդում է Trend-ը:
«Հայաստանի արտգործնախարարը քաջատեղյակ է, որ Հայաստանի սահմանադրության այն դրույթը հանելու պահանջը, որը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ինչպես նաև Մինսկի խմբի պաշտոնական վերացումը, վերջին երկուսուկես տարիների ընթացքում եղել են բանակցային գործընթացի կարևոր թեմաներից: Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջների մասին փաստերը, որոնք արտացոլված են Սահմանադրությամբ, Հայաստանի ազգային օրենսդրությամբ, հայցերով և քաղաքական հայտարարություններով, հայկական կողմին ներկայացվել են դեռևս 2023 թվականի մայիսին Վաշինգտոնում անցկացված հանդիպման ժամանակ։ Երրորդ երկրները նույնպես դա լիովին գիտակցում են: Եթե հայկական կողմը շահագրգռված է խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, ապա նա պետք է անհապաղ փոփոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և չխուսափի Մինսկի խմբի պաշտոնական վերացման ուղղությամբ համագործակցությունից»,-հայտարարել է նա: