Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Կիշիդա Ֆումիոյին՝ Ճապոնիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցյալ տարի նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա:

Հարավային Կովկասում և աշխարհում առկա բազում մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում Հայաստանը պատրաստակամ է ընդլայնել Ճապոնիայի հետ գործընկերությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Այս կապակցությամբ վերահաստատում եմ Ձեզ ուղղված Հայաստան այցելելու հրավերս՝ երկկողմ միջպետական հարաբերություններն ամրապնդելուն առնչվող հարցերը քննարկելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և ամենայն բարիք»: