Հայաստանը պարտվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին:

«Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի 1-ից ռոտացիոն սկզբունքով Դուք կստանձնեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով վարչապետի` նախկինում արված հայտարաություններին, որոնց համաձայն`Հայաստանը ունի իր թեկնածուն ՀԱՊԿ-ում, և հետևողականորեն շարունակում են բանակցել այդ թեկնածուի շուրջ, Politik.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչու Հայաստանը ի վերջո չունեցավ իր ներկայացուցիչը, ով կփոխարիներ Յուրի Խաչատուրովին, մինչ Բելառուսի ներկայացուցչի նշանակումը.

«Նախկինում էլ նշել եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մղվող պայքարը շինծու է: Ռուսաստանը այդ պաշտոնը ոչ մի կողմին էլ չէր տա, կպահեր իր ձեռքում` ինչպես հիմա է: Պատճառները հետևյալն են. նախ` Ռուսաստանին նպատակահարմար չէր ասպարեզ հանել Բելառուսին, երկրորդ` Վլադիմիր Պուտինը այդպիսով պատժեց Հայաստանի ղեկավարությանը, այն բանի համար, որ առանց Մոսկվայի և ՀԱՊԿ մյուս անդամ երկրների համաձայնության Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց Հայաստանի ներկայացուցչին` դրանով շատ մեծ հարված հասցնելով ՀԱՊԿ-ի միջազգային իմիջին: Գլոբալ առումով Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար մղվող մենավարտում պարտվել է, քանի որ ըստ կարգի` ՀՀ ներկայացուցիչը մինչև 2020 թվականը  պետք է զբաղեցներ այդ պաշտոնը»:

Ըստ քաղաքագետի` եթե Հայաստանի ներկայացուցիչը չի ղեկավարում կառույցը, մեզ համար միևնույն է` այն կղեկավարի Բելառուսի, թե Ռուսաստանի ներկայացուցիչը: 

Հարցին արդյոք այս դեպքը կարող է ազդեցություն ունենալ կառուցի հետ հետագա համագործակցության վրա, քաղաքագետն` ասաց` ընդհանուր առմանբ այդ քայլը շատ ավելի վաղ է իր ազդեցությունն ունեցել.

«Դա նկատվեց, երբ ՀՀ ղեկավարությանը չհաջողվեց իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մյուս երկրներին համոզել, որ Խաչատուրովին փոխարինի Հայաստանի ներկայացուցիչը: ՀՀ վարչպետը ցանկանում էր այդ պաշտոնում տեսնել Հայաստանի ներկայացուցչին, բայց այդպես չեղավ և չէր էլ լինի: Դա թույլ չէր տա նախ Վլադիմիր Պուտինը, հետո անդամ մյուս երկրների ներկայացուցիչները: Ռուսաստանը այդ պաշտոնը պահեց իրեն` պատժելով ՀՀ իշխանություններին իրենց գերակտիվության համար` Խաչատուրովին հետ կանչելու քայլով, ոչ էլ այն տվեց Բելառուսին: Միևնույն ժամանակ` այժմ համաձայնություն են ձեռք բերել, որ Բելառուսի ներկայացուցիչը պաշտոնը կզբաղեցնի 2020 թվականի հունվարի 1-ին»:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը, ում Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, ազատվել էր այդ պաշտոնից: