
Հայաստանը նվիրված է Եվրոպական միության կողմից աջակցություն ստացող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչը շատ ամուր հիմք է Երևանի ու Բրյուսելի հարաբերությունների հետագա զարգացման համար։
Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ Բրյուսելում տեղի ունենացած հանդիպման ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, մենք քննարկելու ընդարձակ օրակարգ ունենք, և այս հանդիպումը շատ համապատասխան և տեղին է դա անելու համար։ Ես համաձայն եմ, որ Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցությունը տեսանելիորեն և արագ զարգանում է, ինչն, իհարկե, մեծ հաջողություն է մեզ համար, քանի որ դա մեր ռազմավարությունն է»,-նշել է Հայաստանի վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար։
«Սա նոր բան չէ, սակայն մենք զգում ենք, որ դա ավելի ու ավելի արդյունավետ է դառնում: Մենք նվիրված ենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչը, կարծում եմ, մեր հարաբերությունների հետագա զարգացման համար շատ ամուր հիմք է»,-շեշտել է Նիկոլ Փաշինյանը։