Հայաստանը ներկայում առավել լավ հարաբերություն...

Հայաստանը ներկայում առավել լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի, առավել վատ՝ Ադրբեջանի հետ:

Այսպիսին են Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնի նախաձեռնությամբ մեր երկրի բնակչության շրջանում ԲՐԵՎԻՍ ընկերության անցկացրած հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցներին առաջարկվել է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչպե՞ս կգնահատեք հարաբերությունների ներկա վիճակը Հայաստանի և […] միջև»:

Պատասխանողների մեծամասնությունը՝ 50 տոկոսը, համարում է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ: 46 տոկոսը այդպես է գնահատել Հնդկաստանի, 36-ը՝ Իրանի, 19-ականը՝ Եվրամիության և Չինաստանի, 15-ը՝ Վրաստանի, 14-ը՝ ԱՄՆ-ի, 8-ը՝ Ռուսաստանի, 6-ը՝ Թուրքիայի, 5-ը՝ Ուկրաինայի, 4-ը՝ Ադրբեջանի, 2-ը՝ Իսրայելի հետ: 

«Որոշ չափով լավ» պատասխանի տիրույթում պատկերն այսպիսին է. ԱՄՆ՝ 55, Եվրամիություն և Չինաստան՝ 54-ական, Վրաստան՝ 52, Իրան՝ 49, Հնդկաստան՝ 44, Ֆրանսիա՝ 39, Ուկրաինա՝ 38, Ռուսաստան՝ 34, Թուրքիա՝ 24, Իսրայել՝ 15, Ադրբեջան՝ 9 տոկոս:

«Որոշ չափով վատ». Ռուսաստան՝ 32, Ուկրաինա՝ 27, Թուրքիա՝ 26, Իսրայել՝ 25, Վրաստան՝ 23, ԱՄՆ՝ 18, Ադրբեջան՝ 16, Եվրամիություն՝ 14, Չինաստան՝ 11, Իրան՝ 8, Ֆրանսիա՝ 6, Հնդկաստան՝ 4 տոկոս:

«Շատ վատ». Ադրբեջան՝ 67, Իսրայել՝ 43, Թուրքիա՝ 39, Ռուսաստան՝ 24, Ուկրաինա՝ 19, Վրաստան՝ 8, Եվրամիություն և ԱՄՆ՝ 7-ական, Իրան և Չինաստան՝ 4-ական, Ֆրանսիա և Հնդկաստան՝ 2-ական տոկոս: 

«Դժվարանում/հրաժարվում է պատասխանել». Իսրայել՝ 15, Չինաստան՝ 12, Ուկրաինա՝ 11, Եվրամիություն և ԱՄՆ՝ 6-ական, Թուրքիա՝ 5, Հնդկաստան և Ադրբեջան՝ 4-ական, Ֆրանսիա, Իրան և Վրաստան՝ 3-ական, Ռուսաստան՝ 2 տոկոս:

Հարցման կազմակերպիչների տեղեկացմամբ՝ տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ը՝ հեռախոսային հարցման մեթոդով:  (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած ՀՀ 1505 քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։

Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25 տոկոս է: Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։ Կլորացման պատճառով գծապատկերների թվերի գումարները կարող են տարբերվել 100 տոկոսից։