Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում ունեցած ելույթում անդրադարձել է Իրանում և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տիրող իրավիճակին։
Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանը խորը ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Մերձավոր Արևելքում։
«Իրանը մեր լավ բարեկամն է, հազարամյա հարեւանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալը արդեն տեսել եք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արեւելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին առավելեւս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք եւ մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության եւ գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»,- ասել է ՀՀ վարչապետը։



