ՀՀ-ն ու Վրաստանը շահագրգռված են երկարատև և կա...

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։

Վրաստանի Խորհրդարանի նախագահը ողջունել է Հայաստանի նախագահի այցը և նշել, որ առանձնահատուկ գնահատում է Վահագն Խաչատուրյանը Հայաստանի նախագահի կարգավիճակում իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ «Մեր երկրների միջև եղած դարավոր բարեկամությունը ամրապնդվում է նման բարձր մակարդակի այցերով»,-նշել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը բարձր է գնահատում և մեծապես կարևորում է հայ-վրացական հարաբերությունները։ Հայ և վրացի ժողովուրդների եղբայրական դարավոր հարաբերություններն այսօր էլ հիմնված են փոխադարձ հարգանքի և մեր երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական համագործակցության վրա»։

Հանդիպմանն առանձնահատուկ կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, բարեկամության խմբերի, երկու երկրների խորհրդարաններում գործող հանձնաժողովների միջև պարբերական հանդիպումների կազմակերպումը։

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև եղած հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման հարցերին, նշվել, որ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը շահագրգռված են երկարատև և կայուն խաղաղության հաստատմամբ, քանի որ դա է տարածաշրջանի զարգացման հիմնական և ամենակարևոր գրավականը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդգծել են, որ երկու երկրների միջև փոխվստահության, շարունակական երկխոսության և համագործակցության վրա հիմնված հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակում, կան ներկայում և կշարունակվեն ապագայում։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Վրաստանի խորհրդարանի պատվավոր հյուրերի գրքում։

«Ուրախ եմ առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում՝ երկիր, որի հետ ունենք հազարամյա հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններ:

Վստահ եմ, որ այցս նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման համար»,-նշել է նախագահ Խաչատուրյանը: