Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշեն, թե իրեն...

ԱՄՆ-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել հանդիպել իրենց հարմար ցանկացած ձեւաչափով, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը։

«Մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման եւ ամուր խաղաղության հասնելու բանալին է։ Վերջին հաշվով, Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյոք իրենց համար օգտակար կլինի նախագահ Պուտինի հրավերը՝ ամուր խաղաղության ձգտման ճանապարհին»,- ասել է նա ճեպազրույցում։

Մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բազմիցս հնչեցրած հայտարարություններն այն մասին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Բրյուսելի եւ Վաշինգտոնի ջանքերը բացառապես գովազդային բնույթ են կրում, Փրայսը նշել է, որ ամերիկյան կողմն առարկում է իրենց ջանքերը ինքնագովազդ բնորոշելու դեմ։

«Ինքնագովազդային ոչինչ չկա բազմամյա հակամարտություններին եւ սրացումներին վերջ դնելու ձգտման մեջ, հակամարտություններ, որոնք վերջնարդյունքում հանգեցրել են ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների մահվան։ Մեր միակ նպատակն այստեղ տեսնել եւ այդ երկրներին օգնելն է՝ միասին աշխատելու համապարփակ եւ ամուր խաղաղության հասնելու եւ, ի վերջո, կյանքեր փրկելու համար։ Չգիտեմ, թե ինչը կարելի է այստեղ ինքնագովազդ համարել»,- ավելացրել է նա։