Հայաստանը ձեռք է բերում հակաօդային պաշտպանութ...

ՀՀ զինված ուժերը համալրվում է տեխնիկայով։ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ զինատեսակների արդիականացման առումով ավելացրել են հակաօդային պաշտպանության զինատեսակների խոցելիության հեռավորությունը և բարձրությունը, արդիականացվել են որոշակի զինատեսակներ։

«Հակատանկային միջոցների մասով երկու անգամ մեծացվել է հեռահարությունը, որոշակի աշխատանքներ են կատարվել հակատանկային միջոցների կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում մեծացնելու համար»,- ասաց Դավթյանը:

Դավթյանի խոսքերով, նոր զինատեսակներ պարբերաբար ձեռք են բերում, ընթացքում թարմացումներ էլի կլինեն:

ԳՇ պետն անդրադարձել է նաև սահմանային իրավիճակին, ընդգծելով, որ կան կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել։

«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք պատասխան չի տրվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի թիվը նվազել է։

Դավթյանի դիտարկմամբ՝ կորուստների վերաբերյալ տվյալները չեն թաքցնում։ 2019թ-ին ծառայության հետ կապված 17 զինծառայողի մահ է գրանցվել։ 2018-ին 28 զինծառայողի մահ է գրանցվել։

«Դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց նա: