Հայաստանը ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր ա...

Հայաստանը իր պարտավորությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև ցուցադրաբար չի կատարում։ «Газета.Ru»-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա նշել է, որ «Երևանը ցանկանում է վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ շարունակում է օգտվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից»։

«Ըստ իս, անդամավճարների չվճարումը ամենակարևոր պատճառը չէ ՀԱՊԿ-ին Հայաստանի իրական մասնակցության քննարկման համար։ Ակնհայտ է, որ նրանք ցուցադրաբար չեն վճարում իրենց անդամավճարները, քանի որ կասեցրել են ՀԱՊԿ-ի շրջանակում ցանկացած համագործակցություն, բայց միևնույն ժամանակ շարունակում են մնալ Եվրասիական միությունում և, ավելին, իրենց բնակչության այն հատվածին, որն անհանգստացած է այդ հանգամանքից, փորձում են ապացուցել, թե այդ ամենը հնարավոր է. կարելի է դուրս գալ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունից, քաղաքական համագործակցությունից, վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ու Եվրասիական միության մյուս երկրների հետ այդ տնտեսական կապերի հիման վրա օգտվել տնտեսական կապերից և տնտեսական զարգացումից», -նշել է նա։

Զատուլինը հավելել է, որ Հայաստանի ճակատագիրն ու ուղղությունը կորոշվեն հաջորդ տարի անցկացվելիք ընտրություններում, և նա հույս ունի, որ ժողովուրդնը ամեն ինչ դավաճանած կառավարությանը հարցեր է տալու։

«Իհարկե, աճում է խոսակցությունը այն մասին, թե այսպես ուր է գնում Հայաստանը։ Այդ խոսակցությունը ակնհայտորեն խոր բնույթ ունի, և Հայաստանի ճակատագիրը և նրա արտաքին քաղաքականության կողմնորոշումը կորոշվեն միայն հաջորդ տարի անցկացվելիք ընտրությունների արդյունքում։ Ես իսկապես հույս ունեմ, որ վերջապես Հայաստանում հարցեր կտան այն կառավարությանը, որն ամեն ինչ տանուլ տվեց, ամեն ինչ հանձնեց, ամեն ինչ դավաճանեց և շարունակում է մնալ կառավարություն», - համոզմունք է հայտնել Զատուլինը։