Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չի պատրաստվում Ռուսաստանի թիկունքում քննարկել հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումն այլ երկրի փոխանցելու հարցը։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարարի պատվիրակության հետ քննարկել Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարիչ Ռուսաստանին փոխելու հարցը։
«Մենք չենք պատրաստվում Ռուսաստանի թիկունքում որևէ բան անել։ Այս փուլում, քանի դեռ երկխոսության հնարավորությունները լայն են և բաց են, մենք շարունակելու ենք աշխատանքը»,-հավելեց Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած իր այցի ընթացքում ռուս գործընկերների հետ մանրամասն քննարկել է հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրի փոխանցելու հարցը։
Հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երկրի փոխանցելու առաջարկն ավելի վաղ արել էր հենց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմի կառավարման պայմաններում հայկական երկաթուղին զրկվում է որոշ մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են օգտվել հայկական երկաթուղու հնարավորություններին այն պատճառով, որ դրա կառավարումը իրականացնում է Ռուսաստանը։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ապրիլի 2-ին հայտարարել էր, որ հայկական երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրի վաճառելու որևէ օբյեկտիվ պատճառ չկա։
Ավելի վաղ հայկական մամուլում էին լուրեր շրջանառվել այն մասին, թե քննարկումներ կան Ռուսատանին կոնցեսիոն կառավարման տրված հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», - ասել էր վարչապետը։
Ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը: Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:



