Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը՝ 13 մլն 400 հազար եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով:
Ծրագրի նպատակն է ընտրված կենսական նշանակություն ունեցող ճանապարհները բարեկարգելու միջոցով ապահովել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար:
Ծրագիրը բաղկացած է 3 մասից՝
- Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում – նախատեսվում է վերականգնել 61 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ ՀՀ 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն):
- Ծրագրի կառավարում և ինստիտուցիոնալ ուժեղացում- համակարգման ու իրականացման նպատակով աջակցության տրամադրում, ինչպես նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի տեղեկատվական բազայի ձեռքբերում, ճանապարհային պայմանների և երթևեկության ուսումնասիրման նպատակով ճանապարհների հետազոտման սարքավորումների ձեռքբերում, ճանապարհային երթևեկության անվտանգության ծրագրի իրականացում և այլն:
- Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ, որի ներքո նախատեսվում է անհրաժեշտության դեպքում օժանդակության տրամադրում՝ թույլատրելի արտակարգ իրավիճակների պարագայում։



