Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ հունիսի 8-9-ը իրականացրեց լրագրողական երկօրյա այցելություն՝ դեպի ՀՀ Լոռու մարզ: Այցելության ընթացքում լրագրողներին ուղեկցում էր նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը: Politik.am-ի հետ զրույցում Հարությունյանը ներկայացրել է, թե ինչու՞ է ընտրվել հենց Լոռու մարզը, և Հայաստանի մասշտաբով ինչպիսի ժողովրդագրական պատկեր ունենք:
«Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ Հայաստանում միայն մի քանի տարի հետո պետք է լիներ դեպոպուլյացիա, այսինքն՝ մահերը գերազանցեին ծնունդներին: Եթե նայում ենք բնական հավելաճին, 2018 թվականին ընդհանուր հանրապետության մակարդակով մեր ընդհանուր բնական հավելաճը դեռ էլի բնական է. անցյալ տարի 10 900 էր, սակայն, հետաքրքիր էր, որ առաջին անգամ Լոռու մարզում մարզային կտրվածքով գրանցվեց բացասական միտում՝ մահերը 90-ով գերազանցում էին ծնունդներին: Երբ մենք այս թվերը Ազգային կոմիտեի՝ ժողովրդագրության հիմնահարցերի բարելավման հարցերով հանձնաժողովի ստեղծման ժամանակ ներկայացրինք վարչապետին, որոշում կայացվեց, որ ուսումնասիրություններ կատարենք մարզերում՝ հասկանալու համար, թե որոնք են պատճառները, և ինչու սկսվեց հենց Լոռու մարզից: Կարևոր է, որ կոմիտեի աշխատանքներում ոչ միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է պատասխանատու մարմին լինելու, այլև շատ այլ նախարորություններ ու գերատեսչություններ»,-նշեց Հարությունյանը:
Ըստ Ծովինար Հարությունյանի՝ այդ հետազոտությունն այժմ մեծ թափով ընթանում է, և շուտով կլինեն արդյունքները.«Երբ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալները ամփոփվեցին, համեմատեցինք նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ, տեսանք, որ արդեն 5 մարզում այս տարի գրանցվեց բացասական բնական հավելաճ, ու առաջին տեղում էլի Լոռին էր՝ մահերը 21-ով գերազանցում էին ծնունդներին: Միայն Արմավիրում էր, որ ծնունդները գերազանցել էին մահերին»:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչն ընդգծում է՝ հետազոտությանը զուգահեռ նաև մշակվում են այն լուծումները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում՝ հաշվի առնելով նախևառաջ հայաստանյան կոնտեքստը, այն միտումները, որ տեղի են ունեցել վերջին տարիներին, այն կանխատեսումները, որ ունենք, և աշխարհի փորձը.«Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այս խնդիրները շատ բազմաշերտ ու բազմաոլորտ են, և դրանց լուծումները նույնպես պետք է լինեն համապարփակ: Այսինքն՝ մեկ գործոնի վրա ազդելով և միայն մեկ գործոնի համար լուծումներ առաջարկելով՝ այս ամբողջ համակարգային խնդիրը լուծել չենք կարող»:
Հարությունյանի խոսքով՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ նախ և առաջ երիտասարդները պետք է վստահություն ունենան իրենց ապագան իերնց երկրում տեսնելու համար.«Մենք գտնում ենք, որ վերջին ամիսների զարգացումը հույս է ներշնչում բնակչության շրջանում, որ դրական միտումներ կան այս առումով: Նաև շատ կարևոր է ներդրումներ անել երիտասարդների շրջանում»:
Ծովինար Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ 2017 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ Հայաստանում զույգերը ցանկանում են ունենալ 3 երեխա, սակայն ունենում են 1-2-ը.«Պատճառները շատ են՝ բավարար աշխատավարձով աշխատատեղերի բացակայություն, բնակարանային պայմանների բարելավման խնդիր, կարիերայի ու ընտանիքի համադրման խնդիր, և մարզերում սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացման խնդիր»:
Մարիամ Սարգսյան



