Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը չպետ...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ հայարարեց, որ եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Այս հայտարարությունը, որոշների կարծիքով, միջամտություն է Արցախի քաղաքական կյանքին:

Politik.am-ը այս մասին մեկնաբանություն է խնդրել քաղաքագետ Արմեն Բաղդասարյանից, ով բացառում է, թե Արցախը կարող է հակահեղափոխության օջախ դառնալ, կամ այնտեղ նմանատիպ տրամադրություններ լինեն:

«Արցախն ինքնուրույն՝ առանց Հայաստանի, ի վիճակի չէ դիմակայել արտաքին մարտահրավերներին, և պետք էլ չի, որ դիմակայի, որովհետև Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, և մեկն առանց մյուսի պատկերացնել պարզապես հնարավոր չէ: Այլ հարց է, որ նախկին իշխանությունները փորձում են օգտագործել այդ գործոնը Հայաստանում իրենց քաղաքական դերակատարումը մեծացնելու համար: Ես դա շատ վտանգավոր եմ համարում»,-նշում է քաղաքագետը: 

Բաղդասարյանի կարծիքով՝ Արցախում պատրաստ են 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Իր խոսքով՝ Արցախը նաև հեղափոխության կենտրոն դարձնելը ցանկալի չէ.

«Ես չեմ կարծում, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը պետք է պատճենահանել Արցախում: Հայաստանում և Արցախում բոլորովին տարբեր իրավիճակներ են: Հեղափոխություն ասելով չպետք է հասկանալ գործընթացներ, որոնք բերում են իշխանափոխության, այլ տնտեսության զարգացման նոր մեթոդներ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: Ըստ իս՝ դա այսպես թե այնպես, քայլ առ քայլ, կատարվելու է»: