Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով: Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս վարժանքների անցկացումն ընթացիկ զորավարժության հետ կապ ունի՞: Տոնոյանը պատասխանեց, որ սրանք առանձին վարժանքներ են, տարվա կտրվածքով:
«Դրանք մեկ մտահղացմամբ են անցկացվում, բայց սրանց փոխկապակցվածությունը հիմա չեմ կարող ներկայացնել»,- նշեց նա:
Փաշինյանը հորդորեց ներկայացնել հանրությանը, որ սրանք, ըստ էության, պլանային իրադարձություններ են:
«Այո´, մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, բազմաթիվ ծրագրեր աննախադեպ ծավալի են, բայց դա որևէ կերպ կապված չէ արտաքին կոնյունկտուրայի հետ, այլ որոշակի գործելաոճի և աշխատանքի ծավալների փոփոխության հետ: Այն իրավիճակում, որ գիտենք բոլորս, բան չի փոխվել, և հանրությունը սա հստակ պետք է իմանա»,- ասաց Փաշինյանը:



