Հայաստանում նախատեսում են շտապօգնության բրիգա...

Հայաստանում նախատեսում են շտապօգնության բրիգադների անհատական պաշտպանության մեխանիզմներ ներդնել:  

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադի նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության դեպքին: 

«Բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է 0 հանդուրժողականություն ունենանք՝ անկախ նրանից, թե բռնության հեղինակն ով է և ում նկատմամբ է այն կիրառվում»,–շեշտեց նախարարը: 

Նա նշեց՝ հետևողական են, որ քրեական գործերի հարուցման շրջանակներում այդ անձինք հավուր պատշաճի պատասխանատվություն կրեն: 

Սակայն նախարարը կարծում է, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված ևս պետք է փոփոխություններ արվեն:  

«Արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա տեսախցիկների տեղակայման հարցը, որ թե՛ չզիջելու, թե՛ այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք: Բացի այդ, մասնագիտական հանրության հետ պետք է քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված ինչպիսի միջազգային փորձ կա, ինչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք ևս տրամադրել»,–ասաց Ավանեսյանը: 

Նախարարը շեշտեց՝ շտապօգնության բրիգադի աշխատանքից գոհ լինել կամ չլինելը պետք է արտահայտվի այլ տեղում այլ ձևաչափով, և պետք է բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը: 

Ավանեսյանի խոսքով՝ կուսումնասիրեն աշխարհում կիրառվող ձևաչափեր, անհատական պաշտպանության մեխանիզմներ: Առաջիկա 1 ամսվա ընթացքում կամփոփեն այդ մասով ուսումնասիրությունը: 

Ավելի վաղ նախարարը ահազանգել էր, որ մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել:

Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում է եղել, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: