
Սեպտեմբերի 25-ին ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքի երկրորդ փուլի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության «Ա» Վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերով, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի շրջանում գազատարի պայթեցման, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական շենքի և պետական հեռուստաընկերության եթերի տաղավարի զինված գրավման պայմաններում անցկացվել է գրավված օբյեկտներում պատանդների ազատագրմանը և պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի չեզոքացմանն ուղղված գործողությունը:
Ցուցադրվել է Հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) կառավարման հանրապետական օպերատիվ շտաբի աշխատանքը, որի ղեկավարմամբ մշակվել են «պատանդների» ազատագրմանը և «ահաբեկիչների» ոչնչացմանն ուղղված հատուկ գործողության պլանավորման, նախապատրաստման և անցկացման հարցերը:
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների «Արարատ-Անտիտեռոր-2019» համատեղ հակաահաբեկչական վարժանքը անցկացվում է երեք փուլով՝ 7 օր ընդհանուր տևողությամբ:
Մշակվել են ԱՊՀ իրավասու մարմինների փոխգործակցության հարցերը, այդ թվում նաև ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների կոլեկտիվ օգտագործման տեղեկատվական համակարգերի հնարավորությունների օգտագործմամբ, իրական պայմաններում փորձարկվել են ահաբեկչական գործողությունների արձագանքման պետական համակարգերը:
ԱՊՀ մասնակից պետությունների իրավասու մարմինների համատեղ հակաահաբեկչական վարժանքները հանդիսանում են Համագործակցության երկրների գործնական փոխգործակցության համակարգի կարևոր բաղադրիչ տարրը: Դրանց հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների, հատուկ ծառայությունների և այլ ուժային կառույցների պատրաստվածության բարձրացումը՝ ահաբեկչական մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ հակազդելու նպատակով:
2001 թվականից սկսած ԱՊՀ ՀԱԿ հովանու ներքո կազմակերպվել են 15 նման վարժանքներ, դրանցից յուրաքանչյուրի թեմատիկան ձևավորվել է` հաշվի առնելով Համագործակցոթյան պետություններում և աշխարհի այլ տարածաշրջաններում ահաբեկչական սպառնալիքների տարածման վիճակը, դինամիկան և միտումները: