Հայաստանում կձևավորվեն երեք նոր խոշորացված համայնքներ։ Այս մասին՝ ապրիլի 30-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու և դրանց հետ կապված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Դավիթ Խուդաթյանը։
Դրանց թվում են Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքը, որի մեջ կմիավորվեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ իրենց 20 բնակավայրերով, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքը, որը կներառի ներկայիս Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ 28 բնակավայրերով, և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքը, որի կազմում կլինեն ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ 32 բնակավայրերով։
«Այսպիսով, առաջարկվող ծրագրերին կմասնակցի 9 համայնք և 80 բնակավայր, որոնց միավորման արդյունքում կձևավորվի 3 համայնք», - ասել է Խուդաթյանը։
Որոշակի քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությունը դրական արձագանք է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։



