Հայաստանում չկա սուպերվարչապետ և սուպերվարչապ...

«Կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ է սուպերվարչապետը կարմիր լուսացույցի տակ կանգնում, ինչո՞ւ է հինգ ասուլիս տալիս»,-այսօր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ հարցին հարցով պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երկրում սուպերվարչապետության հնարավոր հաստատման մասին հարցադրմանը՝ հերքելով երկրում սուպերվարչապետական համակարգի ներդրումը.

«Սուպերվարչաետական համակարգը միայն օրինական լծակները չեն, սուպերվարչապետը նա է, ով ասում է՝ դու շաքարավազ կներկրես, դու չներկրես, բանանի գործը՝ քեզ, բենզինի գործը՝ քեզ, ես այստեղ 50 տոկոս եմ փայ, այստեղ պետք է ընտրվի այսինչը, այս մեկի նկատմամբ գործ հարուցեք, նրա նկատմամբ մի հարուցեք։ Սուպերվարչապետական համակարգը դա է։ Բաղրամյան 26-ն ինչո՞ւ ենք վերադարձրել նախագահին, ինչո՞ւ են Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դռները բաց»։

Փաշինյանը նշեց՝ սուպերվարչապետը երբեք վկայի կարգավիճակով չէր գնա դատարան, ինչպես ինքն օրեր առաջ դատարան էր ներկայացել.

«Կարող էի չգնալ։ Ոմանք ասում էին՝ դա շոու էր։ Դա շոու չէր, դա քաղաքական կամքի ցուցադրում էր, բացարձակ թափանցիկության ցուցադրում։ Սուպերվարչապետական համակարգը Հայաստանում այլևս վերացված է, որովհետև ժողովրդավարական երկրում չի կարող լինել սուպերվարչապետ։ Մի երկրում, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին, սուպերվարչապետ չկա։ Հայաստանում չկա սուպերվարչապետ և սուպերվարչապետական համակարգ»։