
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` 2025 թվականի հունիսին, 2024թ․ հունիսի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 3.9% գնաճ։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները աճել են 6.2%-ով։ Մասնավորապես՝ հացը թանկացել է 3.9%-ով, կարագը՝ 14%-ով, մակարոնեղենը՝ 5.3%-ով, մսամթերքը՝ 1.6%-ով, մրգերը՝ 3.7%-ով, բանջարեղենը՝ 25%-ով, իսկ կարտոֆիլի՝ 67.3%- ով։
Միևնույն ժամանակ, որոշ ապրանքների գներ նվազել են. պանրի և կաթնաշոռի գներն` 1.5%-ով, իսկ ձվինը՝ 6.2%-ով։
Նման գնաճի միտումները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում, խորացնում են սոցիալապես խոցելի խմբերի վիճակը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2024թ.» զեկույցի համաձայն՝ 2023թ․ տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով միջին ամսական ծախսերի 42.9%-ը ուղղվում է սննդին, իսկ 32.8%-ը՝ ծառայություններին։ Ոչ պարենային ապրանքների բաժինը կազմում է 19.4%, ծխախոտի գնումը՝ 4.5%, իսկ անկոհոլային խմիչքները՝ 0.4%։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի վերլուծությանմբ՝ այս թվերը վկայում են այն մասին, որ բնակչության եկամուտների մեծ մասը ծախսվում է կենսական անհրաժեշտության ապրանքների վրա, մինչդեռ կրթությանը, ժամանցին կամ խնայողություններին ուղղվող գումարները մնում են սահմանափակ։
Երբ բնակչության եկամտի գրեթե կեսը ծախսվում է սննդի վրա, նույնիսկ փոքր գնաճն անմիջական ազդեցություն է ունենում նրանց կյանքի որակի վրա։
2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294 621 դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.6 տոկոսով, իսկ 2025 թվականի հունիսին այն կազմել է 297 624 դրամ։
Որոշ ոլորտներում աշխատավարձերի մակարդակը զգալիորեն ցածր է երկրի միջին ցուցանիշից՝ մասնավորապես․ Կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում միջին աշխատավարձը կազմել է 148 014 դրամ, Սպասարկման այլ ծառայությունների ոլորտում՝ 150 351 դրամ, Մշակույթ և արվեստի ոլորտում՝ 159 520 դրամ, իսկ կրթության ոլորտում՝ 166 118 դրամ։
Ամենացածր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 146 355 դրամ, իսկ ամենաբարձրը՝ Սյունիքի մարզում՝ 306 283 դրամ։ Երևանում այն կազմել է ՝ 298 879 դրամ։
Թեպետ 2025 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արձանագրվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ, ապրանքների և ծառայությունների թանկացումը շարունակում է պատճառ հանդիսանալ աշխատողների իրական եկամուտների ցածր մակարդակի պահպանմանը։
Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականին աղքատության մակարդակը գնահատվել է 23.7%, ինչը 1.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի ցուցանիշից։ Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.1%՝ նվազելով 0.1 տոկոսային կետով։ Վարձու աշխատողների շրջանում աղքատության մակարդակը կազմել է 19.4%։
Աղքատության տարածվածությունը տարբերվում է ըստ բնակավայրերի։ Քաղաքային բնակավայրերում այն կազմել է 21.5%, իսկ գյուղական բնակավայրերում 27.0%։ Երևանում այն կազմել է 17.9%։
Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում՝ 43.1%, իսկ ամենացածրը՝ Սյունիքի մարզում՝ 7.0%։
2025թ. թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 81 680.9 դրամ, ինչը բարձր է նվազագույն աշխատավարձի չափից։ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 64 713.9 դրամ։
Նվազագույն սպառողական զամբյուղների արժեքները Հայաստանի Հանրապետությունում որևէ օրենքով կամ այլ իրավական ակտով ընդունված չեն (պաշտոնապես սահմանված չեն) ։
Աղքատության մակարդակի կրճատման, աշխատողների և նրանց ընտանիքների կենսամակարդակի բարձրացման, ինչպես նաև երկրում արժանապատիվ աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ է պաշտոնապես սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ինչպես նաև ընդունել աշխատավարձի ինդեքսավորման կարգ, ինչը, սահմանված է դեռևս 2004 թվականին ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածով։