Հայաստանում անցկացվել է Լանդշաֆտի եվրոպական կ...

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվել է Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի կոնվենցիայի համաժողով, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը և օտարերկրյա փորձագետներ Տապիո Հեյկիլան, Միրնա Բոժիչը, Իլեանա Կիսիլևիչն ու Մարտա Ռոդրիգեսը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, եռօրյա միջոցառման առանցքում լանդշաֆտի հիմնախնդիրների և դրա վերաբերյալ կրթական ծրագրերի դիտարկումն էր։ Փորձագետները, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսները քննարկել են տարբեր երկրների լանդշաֆտային քաղաքականությունը, շեշտադրել քաղաքաշինական ծրագրերում հավասարակշռությունը պահպանելու և բնությունը չվնասելով զարգացման ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը:

«Եզրափակիչ օրը համաժողովին ներկա են եղել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ովքեր անդրադարձել են Լանդշաֆտի կոնվենցիայից բխող պարտավորությունների շրջանակում Հայաստանում իրագործվող միջոցառումներին։ Կոմիտեի ղեկավարն առանձնացրել է համայնքների զբոսայգիների արդիականացման, սահմանամերձ բնակավայրերում նոր կանաչապատ տարածքների հիմնման նաև համայնքների համար քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները, որոնցում առանձնահատուկ տեղ է հատկացված լանդշաֆտի բոլոր տեսակների պլանավորմանը. «Կառավարության ծրագրային նպատակներից է լանդշաֆտների պահպանության, կառավարման և պլանավորման միջոցով Հայաստանում որակյալ կենսամիջավայրի պահպանությունը և ստեղծումը»։ Այդ համատեքստում փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ մարզերի զարգացման տնտեսական, քաղաքաշինական և ուրբանիզացման ծրագրերում լանդշաֆտի պահպանությունն ու ճիշտ օգտագործումը հրամայական են։ Ուստի, պահանջվում է գիտակցված վարքագիծ՝ չվտանգելու համար սերունդների ապագան իրենց բնակավայրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նաև «Լանդշաֆտային կրթական գործունեություն տարրական դպրոցների համար» մանկավարժական գրքույկի շնորհանդեսը։ Այդ առիթով Երևան էին եկել Սյունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ բնակավայրերի դպրոցների աշակերտները։ Փորձագետները գրքույկում ներկայացված մեթոդով երեխաներին նախնական գիտելիքներ են փոխանցել լանդշաֆտի վերաբերյալ, որից հետո առաջարկել իրենց պատկերացումներն արտահայտել նկարների միջոցով։ Փորձագետները և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մեծ հետաքրքրությամբ դիտարկել են փոքրիկ նկարիչների աշխատանքները և բոլորին շնորհել հավաստագրեր։ 

Եվրոպայի խորհրդի լանդշաֆտային կոնվենցիայի գործադիր քարտուղար Մագելոն Դեժան-Պոնը կարևորել է կոնվենցիայի կրթական ուղղությունը, որի շրջանակում երեխաները սովորում են գիտակցել իրենց պատասխանատվությունը շրջապատող լանդշաֆտի նկատմամբ։ Նա շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին և նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանին, ում ջանքերով պատրաստվել է մանկավարժական գրքույկի հայերեն տարբերակը և կայացել համաժողովը։

Նշվում է, որ համաժողովն իր հարկի տակ էր ընդունել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Ռեկտոր Եղիազար Վարդանյանը ներկա է եղել միջոցառման բացմանը, իսկ պրոռեկտորները և դասախոսական կազմն ակտիվ մասնակցել են քննարկումներին։  

Ավելի վաղ՝ համաժողովի առաջին օրը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հյուրընկալել էր միջոցառման մասնակից միջազգային փորձագետներին՝ քննարկելու Լանդշաֆտի կոնվենցիայի շրջանակում գործակցության հեռանկարները։ Փորձագետները նաև այցելել էին Քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան ինստիտուտ և թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանի ուղեկցությամբ դիտել «Մայր Հայաստան» ցուցադրությունը։