
Այսօր հայտնի դարձավ, որ այս տարվա նոյեմբերին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան։ Երեւանում ըստ «Կոմերսանտ» պարբերականի փոխանցման, կստորագրվի հուշագիր, որով կերաշխավորվի ռուս մասնագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ Պենտագոնի փողերով ստեղծված կենսաբանական լաբորատորիաներ։ Նշենք, որ նման լաբորատորիաներ կան Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում։
Այս կենսաբանական լաբորատորիաները Մոսկվան համարում է ռազմա-կենսա-բժշկական գործունեության օջախներ եւ բազմիցս է քննադատել Վաշինգտոնին, դրանք իր սահմաններին չափազանց մոտ տեղակայելու համար։ Պարբերականը նաեւ նշում է, որ այդ լաբորատորիաներ, ստորագրվելիք փաստաթղթով, կկարողանան այցելել ՌԴ Պնախարարության եւ Առողջապահության նախարարության մասնագետները։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ անձամբ է հանձնարարական տվել, որպեսզի ռուսաստանցի մասնագետների մուտքը այդ կենսալաբորատորիաներ որեւէ կերպ չխոչընդոտվեն։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ այդ լաբորատորիաները գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո եւ քանի դեռ ինքն է վարչապետ ռուս մասնագետների մուտքի խոչընդոտում չի լինի։
«Մենք պատրաստ ենք համագործակցել, եւ արդեն իսկ ռուս մասնագետները եղել են այնտեղ ու համոզվել, որ ոչ մի սարսափելի բան այդ լաբորատորիաներում չկա։ Իհարկե, դրանք շատ բարձրորակ լաբորատորիաներ են, եւ ես ուրախ եմ, որ ունենք այդ որակի լաբորատորիաներ։ Դրանք ոչ մի կերպ չեն կարող օգտագործվել ընդդեմ Ռուսաստանի։ Ընդհակառակը, մենք հրավիրում ենք ռուս մասնագետներին եւ պատրաստ ենք քննարկել նրանց հետ դրանց համատեղ օգտագործման հնարավորությունները։ Երբ ուզենան նրանք էլի կարող են այցելել, առանց սահմանափակման»։
Սպասվող ստորագրելիք փաստաթուղթը ըստ էության այս շղթայի նոր հանգրվանն է կամ հանգուցալուծումը, երբ իրավապայմանագրային դաշտում արդեն երաշխավորվում է ռուսների մուտքը այդ լաբորատորիաներ։ Սա բավական լուրջ զիջում է, որը անում է Նիկոլ Փաշինյանը հօգուտ ռուսների։ Ի դեպ, դեռ անցյալ տարի կային խոսակցություններ, որ նախատեսվում է նաեւ մեկ այլ փաստաթղթի ստորագրում, որով կարգելվեր Հայաստանում օտար ռազմական ուժ ներկայացնող կոնտինգենտի ներկայությունը, ինչը նշանակում էր, որ բացի ռուսական (ՀԱՊԿ շրջանակում) զորակազմից, այլ երկրի (իմացի՝ ամերիկյան կամ արեւմտյան) զորակազմի առկայությունը Հայաստանում բացառվելու է, ինչը եւս Մոսկվայի նախաձեռնությունն էր, ըստ այն ժամանակվա խոսակցությունների, որի նպատակը իր հարավային «ֆորպոստի» ապահովագրումն էր հնարավոր արեւմտամետ դրեյֆումից՝ վրացական եւ ուկրաինական նախադեպերը հաշվի առնելիս։