Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8.8 տոկոս աճ է կանխատեսվում։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այն դրական միտումները, որոնք արձանագրում ենք աշխատանքի շուկայում, կարծում ենք, որ կշարունակվեն 2024 թվականին։ Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար 5,5 և 13,6 տոկոսով։ Իսկ 2024 թվականին աշխատավարձերը կբարձրանան 8.8 տոկոսով, վարձու աշխատողների թիվը կավելանա 2.7 տոկոսով»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ Կառավարությունը ակնկալում է, որ 2023 և 2024 թվականին կլինի զբաղվածության աճ։
«2023 թվականին ունենք 3,2 տոկոս զբաղվածության աճ, 2024 թվականին կլինի 1,4 տոկոս աճ։ Գործազրկության մակարդակը կնվազի՝ հասնելով 12,3 տոկոսի»,- եզրափակեց Հովհաննիսյանը։