Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Պանամայի հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի կողմից Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։
Հարկ է նշել, որ Հայաստանն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի և Էկվադորի հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի և Չիլիի հետ:
Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Որոշման ընդունումը թույլ կտա Պանամայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը:
Պանամայի հետ վիզային ռեժիմի վերացումը հաջորդական կարևոր քայլ է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի պետությունների քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի ազատականացված ռեժիմի անցնելու առումով: