Հայաստանն ու Իրանը քննարկել են տարանցիկ բեռնա...

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղին, որը Հայաստան է ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում։  

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ 

Նախարարը ողջունել է նախարարին՝ ընդգծելով, որ Իրանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է։

Հանդիպման սկզբում նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախորդ տարի Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից հետո իրանական կողմի ցուցաբերած աջակցության և Հայաստանին մետաղական կամուրջների նվիրաբերման համար։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին։ 

Խուդաթյանը նշել է, որ աշխատանքների տեմպը գոհացուցիչ է, և հայկական կողմը բարձր է գնահատում շինարարական ընկերության ներդրած ջանքերը։ 

Անդրադարձել է կատարվել նաև տարանցիկ բեռնափոխադրումների սակագնային քաղաքականության վերանայման հնարավորությանը։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավոր սեղմ ժամկետներում խնդրի լուծման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ 

Քննարկվել են ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ 

Նախարարը կարևորել է Իրանի տարբեր քաղաքների հետ կանոնավոր օդային հաղորդակցության ընդլայնումը` ընդգծելով, որ Հայաստանի համար դեպի Իրան օդային ուղղությունը պահանջված է։