Հայաստանն ու Եվրամիությունն ավարտել են գործըն...

Հայաստանն ու Եվրամիությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։

Երևանում Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը և Եվրոպական Միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացնելու է Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը»,- մանրամասնեց Միրզոյանը։ 

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել։ 

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Եվրամիությանը՝ վերջին տարիներին Հայաստանում իրականացրած ծրագրերի և ֆինանսական օժանդակության, ինչպես նաև դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար։ «Տեղին է հիշատակել նաև Դիմակայունության  և աճի պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։