Հայաստանն ու Բրազիլիան հուշագիր են ստորագրել....

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Բրազիլիայի սպորտի նախարարության միջև ֆիզիկական կրթության և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ հուշագրի ստորագրումը կխթանի սպորտի ոլորտում արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանն ու ամրապնդմանը:

Հուշագրի ստորագրումը հնարավորություն կընձեռի ապահովել երկու պետությունների միջև զանգվածային մարզական միջոցառումների կազմակերպման փորձի փոխանակումը, գիտական աշխատանքների, սպորտի և պարասպորտի ոլորտում վերջին նվաճումների, սպորտային ախտորոշման, բժշկական և կենսաբանական օգնության մեթոդների և ժամանակակից գիտական սարքավորումների կիրառման մասին տեղեկատվության փոխանակումը բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկների մարզման ժամանակ:

Հուշագրի շրջանակում նախատեսվող համագործակցությունը կնպաստի նաև մարզական ֆեդերացիաների միջև համագործակցությանը և համատեղ մարզական միջոցառումների, հանդիպումների, խորհրդակցությունների և փորձի ու տեղեկությունների փոխանակման կազմակերպմանը: